Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 3.2010

Մտորումներ բժշկական տերմինների մասին

Մտորումներ բժշկական տերմինների մասին

Հին առասպելներից մեզ է հասել բաբելոնյան աշտարակի մասին պատմությունը, ըստ որի համաշխարհային ջրհեղեղից հետո, Բաբելոնում մինչև երկինք հասնող աշտարակաշինության գաղափարից զայրացած, Աստված խառնեց լեզուները, որ մարդիկ իրար չհասկանան և միասնաբար չկառուցեն երկինք խոյանալիք այդ առասպելական շինությունը:

 

Ազգերի միջև կապերը զարգանում էին և կյանքը ստիպեց նրանց իրար հասկանալու ուղիներ գտնել: Այնուամենայնիվ, մինչև օրս էլ լեզուների բազմազանությունը խոչընդոտ է ազգերի միջև հարաբերություններում: 

 

Ոչ վաղ անցյալի պատմությունից հայտնի են միասնական արհեստական լեզու ստեղծելու ձախողված փորձերը: Դրանցից ամենանշանավորը էսպերանտոյի ստեղծումն ու չիրականացված ներդրումն էր: Այս առումով միանգամայն գովելի և կարևոր է հայ լեզվաբան-բառաշինարարների կողմից ի հայտ բերվող հին, մշակված, հարուստ հայոց լեզուն պահպանելու և զարգացնելու ձգտումը: Ո՞վ գիտե, անցած դարի կեսերին քիչ էր մնում, որ հայոց լեզուն միջազգային` էսպերանտոյի դեր ստանձներ, եթե չլինեին գերտերությունների հակամարտություններն այս հարցում: Չէ որ այդպիսով հայերենը երկրագնդի բազմալեզու հարյուրավոր պետությունների մեջ գերիշխող կդառնար, նշանակալից առավելություններ կստանային աշխարհով մեկ սփռված հայ ժողովուրդը և հայերեն լեզվի օրրան Հայաստան Երկիրն ու պետությունը: Ուրեմն, էլ ով, եթե ոչ մեր լեզվաբանները պետք է իրականացնեն միտքն ու հոգին սնող մեր հայոց լեզվի բյուրավոր բառերի արգելանոցը պահպանելու, փայփայելու, և ինչու չէ, նոր բառեր աճեցնելու հայրենանվեր գործը: Սա անհրաժեշտ է մանավանդ, երբ կյանքի, տեխնիկայի ու գիտության զարգացմանը գուգընթաց բառաշինարարների առաջ շարունակ հառնում են ժամանակակից ազգային լեզվաբանության, սերնդափոխության նոր խնդիրները: Սրանք ժամանակի հրամայականն են, որոնց անտեսումը հետ կթողնի հայոց դարավոր լեզուն մեծ ժողովուրդների զարգացման ընթացքից: 

 

Այս առումով ներկայիս դեմոկրատացման ճանապարհի խոչընդոտները հարթող մեր պետական ռազմավարությունը հնարավորություն է տալիս լեզվի մասնագետներին միջազգային աննախադեպ ակտիվ շփումների պայմաններում գործի դնելու իրենց ջանքերը, հարստացնելու և դարերի ընթացքում մշակված, հղկված, մինչև օրս պահպանված հայոց լեզուն` փրկելու լեզուների համաշխարհային օվկիանոսի խառնարանում կատարվող սամումների ազդեցությունից:

 

Մեր դարաշրջանում գիտության աներևակայելի արագ զարգացումն, ավելի քան երբևէ, նպաստում է մարդու էության և բնության ճանաչողության դեռևս լիովին չվերծանված խնդիրների բացահայտման գործընթացին, որը հազարամյակների պատմություն ունի: Որպես մշտական, պարտադիր բաղադրիչ, այն իր մեջ միշտ ամփոփել և ամփոփում է մարդկային հասարակության ահռելի զանգվածների առողջության, նրանց տառապանքների պատճառները բացահայտելուն և դրանց դեմ միջոցներ ձեռնարկելուն ուղղված բոլոր ազգերի կյանքում գոյատևման կարևոր նպատակը: Սակայն դարեր շարունակ այս հարցերի լուծման ընթացքում Գորդյան հանգույց է եղել լեզուների տարբերության պայմաններում միասնաբար մտածելու, երևույթները ճիշտ ընկալելու, դրանց առանձնահատկություններն ու նոր հայտնագործված «մանրուքների» դերն ու փոխկապակցվածությունն իմաստավորելու և պատճառահետևանքային կապերը պարզելու ընթացքում իրերը, երևույթները միասնական անվանումներով կոչելու համար համընդհանուր տերմիններ կիրառելու հույժ կարևոր խնդիրը:

 

Հավատացեք, երջանիկ և արագ զարգացող են այն ազգերն ու երկրների գիտնականները, որոնք հեշտությամբ վերցնում և առանց ազգային նախանձախնդրության ներդնում ու գիտական գրականության մեջ կիրառում են տվյալ երևույթի տիրույթում կատարվող գործընթացների ՙծննդականում գրանցված՚ անվանումները` անկախ իրենց ազգային լեզվում առկա կամ ստեղծված տարբերակներից: Պատկերացնում եք, թե ինչպիսի փակուղի կմտնի գիտությունն այն երկրներում, որոնցից յուրաքանչյուրը հաճախ նույնիսկ լիովին դեռ չվերծանված, բայց միջազգային անվանում ունեցող երևույթներն ու օբյեկտները, ախտաբանական վիճակներն ու դրանց գոյացման մեխանիզմներն իր լեզվով ստեղծված, այլոց համար անծանոթ ու անհասկանալի անվանումներով կոչի և դրանք մասնագիտական գրականության մեջ կիրառելու պարտադիր պահանջ դնի, ավելին, եթե որոշ դեպքերում նույնիսկ լեզվապղծություն համարվի ազգային լեզվով ստեղծված բառերն ու տերմինները գիտական գրականության մեջ չկիրառելը: 

 

Ակնհայտ է, որ նման երկրներում այդ տերմինների գործնական կիրառությունը կսահմանափակվի տվյալ ազգի գիտնականների շրջանակներում, եթե չասենք, որ դրանք միանգամայն կարժեզրկվեն ներկայիս ինտերնետային կապի միջոցով համաշխարհային գիտական ասպարեզից դուրս մնալու առումով: Սա կործանարար կլինի հատկապես Հայաստանի նման փոքր, բայց բազմապիսի շրջափակումների մեջ գտնվող երկրի համար: Դա մեր իսկ ձեռքով մեզ համար ստեղծած մտքի ու գիտության զարգացման մի նոր մեկուսարան կդառնա: Եվ չգիտես, թե ինչու՞ և ո՞ր մեղքի համար` գուցե հին դարերից եկած և դեռևս պատշաճ ուշադրության չարժանացած, չվերծանված բժշկական, բնաբուժական գանձարա՞ն, թե՞ ճկուն մտքի թռիչք ունենալու համար պետք է նման ծանր վիճակում հայտնվեն մեր բժիշկն ու բժշկագիտությունը: Մի՞թե մենք պետք է ժամանակակից բժշկագիտության առաջընթացի նորույթներին տիրապետելու փոխարեն կաղապարվենք մեր նորաստեղծ, հայկական բժշկական տերմինների մեխանիկական սերտման տիրույթում` միայն լեզվի խստաբարո մասնագետների չափանիշներով գրագետ համարվելու համար: Ակնհայտ է, որ գիտական առաջընթացը պահանջում է մասնագիտական միջազգային մակարդակ ունենալ, այլ ոչ թե մեզ համար բարեհունչ, բայց մասնագիտական առումով դեռևս չստուգաբանված, առարկայի, երևույթի բուն էությունը չարտահայտող հայերեն բառերով ու տերմիններով, խոսքի շարադրանքի իմաստը քողարկելու «արվեստին» տիրապետելը:

 

Ախր չէ՞ որ կյանքի պահանջով ու թելադրանքով բժշկությունն ու բժշկագիտությունը մի նոր բաբելոնյան աշտարակաշինությունից ձերբազատվելու համար վաղուց ի վեր կիրառության են վերցրել իտալերենի ընտանիքին պատկանող լատիներենը, որը գործածությունից վաղուց հանված, մեռնող լեզու լինելով, բոլոր հիմքերն ունեցավ ռենեսանսից հետո դառնալու հազարամյակների պատմություն ունեցող բնական գիտությունների և հատկապես բժշկագիտության հիմնական գործառնական լեզուն ամբողջ աշխարհում: 

 

Ինչու պետք է հայերեն բանավոր կամ գրավոր գիտական աշխատությունների հեղինակները ջանան օգտագործել նորաստեղծ տերմիններ, որոնք միջազգային տերմինաբանությամբ չեն ամրագրված, չեն արտահայտում երևույթի ճիշտ նշանակությունն ու էությունը: Էլ չեմ ասում, որ դրանց մեկնաբանությունները տարբեր մասնագետների շրջանում խիստ վիճահարույց և հաճախ հակամարտությունների պատճառ են դառնում: 

 

Թող ների ընթերցողը, բայց այդ վեճերը երբեմն հիշեցնում են պարոնյանական երգիծական այն պատկերը, երբ անհույս հիվանդին թողած, հավաքված բժիշկները վիճում են տարբեր տերմինների, ասույթների էությունը լուսաբանելով, ջանալով ցուցադրել իրենց բանիմացությունը:

 

Առանց անունները տալու, ասեմ, որ տարիներ առաջ փորձեցի բժշկագիտական տերմիններով հագեցած, հայերեն գրված հոդվածի մի պարբերություն հանձնել բժշկական հայերեն տերմինների հեղինակավոր մասնագետի, խնդրելով տեքստը լրիվ հայերեն դարձնել: Արդյունքը եղավ այն, որ այդ գեղեցիկ հայկական հնչեղություն ունեցող բառերով կազմված պարբերության բուն իմաստը հասկանալ ջանացող մասնագետների շրջանում դա լուրջ հանդիմանությունների տեղիք տվեց: 

 

Անկասկած, շատ ավելի տհաճ ու զայրացուցիչ է բնակչության համար հանրամատչելի զրույցներում կամ հրապարակված հոդվածներում չբացատրվող մասնագիտական օտարալեզու (լատիներեն) տերմինների օգտագործումը, որը հաճախ անհետաքրքիր, անիմաստ ու ապարդյուն է դարձնում տվյալ հրապարակումը: Ասենք նաև, որ նման դեպքերում հաճախ ավելի անհասկանալի է լինում նաև օգտագործված բժշկական նորաթուխ տերմինի հայերեն տարբերակը: Հոգ չէ, եթե այն փոխարինվում է գուցե ոչ այնքան դիպուկ, բայց սովորական «միջին» ընթերցողի համար հասկանալի, ըմբռնելի մի այլ բառով, բառակապակցությունով կամ թեկուզ մի ամբողջ նախադասությամբ: Տվյալ դեպքում նպատակը այդ միջին ընթերցողին արծարծվող հարցի մասին պարզ, գուցե նաև պարզունակ տեղեկություն հաղորդելն է, այլ ոչ թե նրան անծանոթ ու անհասկանալի տերմիններով զարմացնելը` ՙդե, գիտեք ինչ, գիտությունը բարդ բան է՚ մտայնությամբ քողարկելով խնդրո առարկան ունկնդրին, ընթերցողին պարզ, մատչելի ներկայացնելու մեր անկարողությունը:

 

Չպետք է մոռանանք, որ տարբեր մասնագիտությունների տեր հետաքրքրասեր ընթերցողի համար դա գիտելիքների համալրման միջոց է, գիտելիքների մակարդակի բարձրացման գրավական, որը հանրամատչելի բժշկագիտական գրականության սուրբ պարտականությունն է և մենք պետք է դրան հարազատ մնանք:

 

Վերը շարադրվածից արվելիք եզրակացությունը մեկն է. լեզուն միմյանց հասկանալու անառարկելի կարևոր միջոց է: Այն պետք է պահպանել, զարգացնել և հարստացնել: Ուստի դրա ընդունելի, հասկանալի լինելու կարևոր նախապայմանը լեզվին կատարելապես տիրապետելն է: 

 

Դարեր շարունակ բժիշկներն իրար հասկանալու համար հազարավոր տերմիններ են սերտում, գրքեր կարդում այդ տերմինների և դրանցով բացատրվող երևույթների համապատասխանությանը տիրապետելու, մասնագիտորեն գրագետ լինելու և միմյանց հետ նույն լեզվով առնչվելու համար: Անհասկանալի է, թե ինչու և ում համար պետք է մեր բժիշկը իր գիտական հոդվածներում, ատենախոսություններում պարտադիր կարգով կիրառի հայերեն, մեծավմասամբ դեռևս հում, չճշտված, համընդհանուր ճանաչում չստացած և այլոց համար անհասկանալի տերմինները: Նման հարցադրումը թող ընթերցողին չբերի այն սխալ կարծիքին, թե պետք չեն տերմինների հայերեն տարբերակները և, որ, իբր, դրանց ստեղծումն անօգուտ զբաղմունք է: Ամենևին ոչ: Ինչպես տեսաք, հոդվածի սկիզբը միանգամայն հակառակ կարծիքի հիմնավորմանն էր նվիրված: Արդարև, դա այդպես է, բայց մի կարևոր վերապահումով, որ նման տերմինների նոր, հայեցի տարբերակները պետք է ճշտվեն, ստուգաբանվեն և օգտագործվեն, բայց ոչ մասնագիտական բժշկագիտական գրականության մեջ, որը համընդհանուր գիտական մտքի շտեմարանն է: Տերմինների հայեցի տարբերակները պետք է կիրառվեն հայալեզու բնակչության լայն զանգվածների հետ խոսելու, նրանց համար գրելու, նրանց հարազատ լեզվով խնդրո առարկայի էությունը հայերեն բառով, տերմինով, բառակապակցությունով կամ մի ամբողջ նախադասությունով բացատրելու համար: Որքան շատ հայեցի տերմիններ ստեղծվեն, այնքան շատ կհարստանա մեր լեզուն, որը կնպաստի բնակչության լայն շրջաններում գիտելիքների մակարդակի բարձրացմանը, բայց այդ տերմինները չպետք է պարտադրվեն կիրառել բժշկագիտական գրականության մեջ: Դա գիտության զարգացմանը, տարալեզու մասնագետների միջև հետազոտությունների արդյունքների փոխանակմանը խոչընդոտող, հեղինակների համար մտքի լրացուցիչ, անիմաստ լարվածություն ստեղծող հանգամանք է: Դժվար չէ պատկերացնել նաև նման գիտական զեկուցումների, հոդվածների թարգմանություններում տերմինաբանական հնարավոր սխալների հետևանքները, երբ հարկ է լինում կասկածի տակ առնել նաև տվյալ տերմինի ու արծարծվող երևույթի բուն էության համապատասխանության և հավաստիության հանգամանքը: 

 

Եկեք չմոռանանք, որ չափազանցված օգտակարը նաև վտանգավոր ու վնասակար է: 

Հեղինակ. Մարտունի Մուրադյան ՀՀ ԱՆ բժշկական տերմինաբանության հանձնաժողովի նախագահի տեղակալ, պրոֆեսոր, ՀՀ ԲԳԱ պատվավոր դոկտոր
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 3.2010
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. dreamsmedic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Խոսք հարգանքի Էմիլ Գաբրիելյանի հիշատակին
Խոսք հարգանքի  Էմիլ  Գաբրիելյանի հիշատակին

Մեծ էր, բացառիկ խելքով, հիշողությամբ, աշխատանքային նվիրվածությամբ ու հետազոտողի անզուսպ կրքոտությամբ օժտված: Ժամանակի բժշկագիտության հորիզոններում զարգացման նոր ուղիներ փնտրող ու  ստեղծող ուղեցույց էր...

Առողջապահության կազմակերպում ՀՀ նախագահը արմավիրի մարզում
Առողջապահության կազմակերպում ՀՀ նախագահը արմավիրի մարզում

Վերջերս աշխատանքային այցով Արմավիրի մարզում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եղավ «Հիսուսի մանուկներ» առողջության կենտրոնում և Արմավիրի նորաբաց բժշկական կենտրոնում...

Օպտիմալացման ծրագրի շրջանակներում
Օպտիմալացման ծրագրի շրջանակներում

Հանրապետության բնակչությանը որակյալ բժշկական ծառայության ապահովումը գտնվում է ՀՀ առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում: Այդ նպատակն էր հետապնդում նաև ՀՀ առողջապահության նախարար Հ.Քուշկյանի այցը Սյունիքի մարզ...

Ախտորոշիչ և բուժական նոր կենտրոն
Ախտորոշիչ և բուժական նոր կենտրոն

Հայտնի է, որ անոթային հիվանդությունները գնալով լայն տարածում են ստանում և ժամանակին ու ճիշտ ախտորոշումն է, որ հնարավորություն է տալիս ապահովել արդյունավետ բուժում...

Պահվածքային և տեսողական զուգակցված աուդիոմետրիայի կիրառումը վաղ մանկական տարիքի երեխաների շրջանում

Բանալի բառեր. պահվածքային աուդիոմետրիա, տեսողական աուդիոմետրիա

Նախաբան: Լսողության խանգարումները ամենահաճախ հանդիպող բնածին արատներից են, որոնցով...

Քրոնիկական փորկապությունների զարգացման ժամանակակից պաթոգենետիկ մեխանիզմները

Բանալի բառեր. խրոնիկական փորկապություն, դոլիխոսիգմա

Փորկապություններն ամբողջ աշխարհում լայն տարածվածություն ունեցող, կյանքի որակի վրա բացասաբար ազդող բժշկասոցիալական խնդիրներ են...

Պնևմատիկ կոմպրեսիայի կիրառումը անութային լիմֆոդիսեկցիայից հետո` վերին վերջույթի ավշային այտուցի ժամանակ

Բանալի բառեր. պնևմատիկ կոմպրեսիա, լիմֆեդեմա, լիմֆոդիսեկցիա

Վերին վերջույթի ավշային այտուցը (ՎՎԱԱ) համարվում է անութային լիմֆոդիսեկցիայի ամենածանր բարդությունը, որն առավել հաճախ` 10-33% դեպքերում, զարգանում է կրծքագեղձի քաղցկեղի...

Վերին և ստորին շնչուղիների սուր վարակների ժամանակ ազիտրոմիցինի եռօրյա օգտագործման արդյունավետության եվ անվտանգության գնահատականը

Բանալի բառեր. ազիտրոմիցին, ազիմակ, վերին և ստորին շնչուղիների սուր վարակներ

Ներածություն: Ազիտրոմիցինը նոր սերնդի կիսասինթետիկ անտիբիոտիկ է, որի հակամանրէային սպեկտրը...

Սիմպաթիկ օֆթալմիայի կլինիկական դեպք

Բանալի բառեր. Դալեն-Ֆուքսի հանգույցներ, պիգմենտային էպիթելի դեպիգմենտացիա` ակնահատակի «արևամուտի տեսքով», սիմպաթիկ օֆթալմիայի զարգացում աչքի տրավմայի հաջորդ օրը...

45 տարի «Առողջապահության» հետ
45 տարի «Առողջապահության» հետ

Սիրելի Կիմա, տիկին Խաչատրյան, «Առողջապահության» խմբագրակազմի բոլոր հին ու նոր աշխատողները պատիվ ունեն նշելու, շնորհավորելու ու պարծենալու Ձեզանով` 45 տարի այս մայր հանդեսի տարբեր հեղինակների հազարավոր հոդվածները զննող...

Դաշտանադադարը հիվանդություն չէ, ո՛չ էլ ծերության կամ կյանքի այլ փուլի անցման նշան
Դաշտանադադարը հիվանդություն չէ, ո՛չ էլ ծերության կամ կյանքի այլ փուլի անցման նշան

Հաճախ ասում են, թե կինն այնքան տարեկան է, որքան երևում է, սակայն, ցավոք սրտի, տարիքին զուգընթաց, 45-50-ից հետո, երբ սկսվում է դաշտանադադարի շրջանը, նրա օրգան-համակարգերում (միզասեռական, սիրտ-անոթային, հոգեհուզական...

Հոգեկան առողջություն կամ երբ է անհրաժեշտ միջամտությունը
Հոգեկան առողջություն կամ երբ է անհրաժեշտ միջամտությունը

«Առողջապահություն» հանդեսի խմբագրությունը ներկայացնում է հարցազրույց հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանի հետ...

Սիրուշ Դունամալյանի Հիշատակին
Սիրուշ Դունամալյանի Հիշատակին

Կյանքից հեռացավ հանրապետության վաստակավոր բժիշկ, մանկաբույժ Սիրուշ Սահակի Դունամալյանը: 1943-1948թթ. գերազանցությամբ ավարտելով Երևանի բժշկական ինստիտուտը, անմիջապես աշխատանքի անցավ Ստեփանավանի...

Ակադեմիկոս Սուրեն Խաչատուրի Ավդալբեկյան
Ակադեմիկոս Սուրեն Խաչատուրի Ավդալբեկյան

Հանրապետության բժշկական հասարակայնության համար առանձնահատուկ իրադարձություն էր մեր դարաշրջանի փայլուն վիրաբույժ, գիտնական ու բարձրագույն դպրոցի ականավոր գործիչ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ